Ամբողջ աշխարհում գոյություն ունի սուրճի 50 տարատեսակ, որոնցից միայն երկուսն են օգտագործվում կոմերցիոն նպատակներով։

Աշխարհում մարդկանց 70%-ը խմում է Արաբիկա տեսակի սուրճ, որն առանձնանում է փափուկ համով ու սուր բույրով։ Իսկ 30%-ը նախընտրում են փոքր-ինչ դառը համ ունցող և ավելի շատ կոֆեին պարունակող Ռոբուստա տեսակի սուրճ։
Սուրճի հատիկներն իրականում վառ կարմիր պտուղի սերմեր են, իսկ պտուղների համը հիշեցնում է ծիրանի համը։
Սուրճը հոգեմետ է, չարաշահումը կարող է հալուցինացիաների պատճառ դառնալ: Նավթից հետո սուրճն աշխարհում ամենամեծ շրջանառություն ունեցող ապրանքն է։

 

Լեգենդի համաձայն՝ սուրճը առաջին անգամ նկատել է եթովպիացի մի այծարած՝ տեսնելով, թե որքան առույգ են դառնում այծերը սուրճի հատիկները ուտելուց հետո։
Ի սկզբանե, սուրճ ուտում էին աֆրիկացի ցեղերը՝ սուրճի հատիկները խառնելով յուղի հետ։
Իսլամի ի հայտ գալուց հետո սուրճի օգտագործումը տարածում գտավ, քանի որ կրոնական օրենքներով արգելվող ոգելից խմիչքները փոխարինվում էին սուրճով:

 

Առաջին վեբ-տեսախցիկը գործարկվել է սուրճի շնորհիվ։ Այն տեղադրվել էր Քեմբրիջի համալսարանում, որպեսզի նրա միջոցով շենքի տարբեր մասերում գտնվող աշխարակիցները տեսնեն՝ սրճամանը լի՞քն է, թե՞ ոչ։

 

Եվրոպայում սուրճի տարածման մեջ մեծ դեր են խաղացել հայերը: Հանրահայտ փաստ է, որ 1672 թ. Փարիզի Սեն- Ժերմեն թաղամասում բացված առաջին սրճարանի հիմնադիրը Հարություն անունով մի հայ է եղել:
Շատ շուտով, շնորհիվ իր եռանդ ու աշխուժություն առաջացնող հատկության, սուրճը լայն տարածում գտավ նաև մառախլապատ ալբիոնում և 17-րդ դարի վերջին Լոնդոնում գործում էր 3000-ից ավելի սրճարան:
Հատկանշական է, որ սուրճի մեծ սիրահար Բեթհովենը ուներ սուրճի պատրաստման իր յուրահատուկ եղանակը. ջրին խառնում էր սուրճի 60 հատիկ և խմում: Իսկ Օնորե դե Բալզակը օրական խմում էր 60 բաժակ սուրճ:
Մեր օրերում արդեն եվրոպական շատ ռեստորաններում մեկ գավաթ կոնյակի հետ անպայման մատուցվում է «Սուրճ շոկոլադով», որի օրինակով էլ «Ռիվալ» ՍՊԸ-ն փորձում է իր արտադրատեսակի ցանկում ընդգրկել շոկոլադե սուրճը:
Ճապոնիայում կա սովորույթ լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացած անանասի կտորներով լեցուն վաննաներում:
Սուրճի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը հանգեցրել է նրան, որ 2008թ. Սանկտ Պետերբուրգում այդ ըմպելիքին նվիրված թանգարան է բացվել: Թանգարանի տնօրենը Իգոր Ամբարովն է:
Թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ սուրճի սիրահարների համար, ներկայացվում սուրճի պատմությունը, ծանոթացնում սուրճի բազմաթիվ տեսակների հետ, ինչպես նաև մատուցում տնային պայմաններում սուրճի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր:
Սուրճի լայն մասսայականության մասին է խոսում այն փաստը, որ սեպտեմբերի 29-ը հռչակվել է որպես Սուրճի համաշխարհային օր:

 

Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի` սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն: Սուրճի արթնացնող, առույգացնող հատկությունը սկսվում է խմելուց 30 րոպե անց, իսկ ազդեցությունը մնում է 2-6 ժամ:
Սուրճը օգնում է հաղթահարել հոգնածությունը և ընդհակառակը բարձրացնում աշխատունակությունը:
Սակայն չպետք է մոռանալ նաև սուրճի վնասակար ազդեցության մասին այն չարաշահելու դեպքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը (80 կգ կշռող մարդու օրվա չափաբաժինը կազմում է օրական 4-5 բաժակ) նպաստում է հիշողության բարելավմանը: Պարբերաբար սուրճ խմող մարդկանց մոտ նվազում է շաքարային դիաբետով հիվանդանալու վտանգը, նվազեցնում լյարդի ցեռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հավանակությունը: Այն թույլ է տալիս պաշտպանվել Ալցհեյմերի հիվանդությունից: